Новости Новости Армении и мира Аналитика Հայաստանը լուրջ վտանգի մեջ է. Շառլ Ազնավուր

Հայաստանը լուրջ վտանգի մեջ է. Շառլ Ազնավուր

  • PDF
Рейтинг пользователей: / 0
ХудшийЛучший 

Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք Nouvelles d’Arménie ամսագրին Շառլ Ազնավուրի բացառիկ հարցազրույցը, որի որոշ հատվածներ արդեն հրապարակվել են եւ մեծ արձագանք գտել Հայաստանում ու Սփյուռքում:
Այս ցնցող հարցազրույցում երգիչը դեմ է դուրս գալիս բոլոր կարծրատիպերին, այդ թվում` «ցեղասպանություն» տերմինի շուրջ մղվող պատերազմին, ինչը սառեցնում է հարաբերությունները Թուրքիայի հետ եւ վնաս է հասցնում Հայաստանի շահերին:

Ցնցող խոսքեր, որոնք պարզաբանում եւ ավելի վառ են դարձնում սեպտեմբերի 4-ին ֆրանսիական հեռուստատեսության «Vivement dimanche» հաղորդաշարին տրված հարցազրույցում արտահայտած մտքերը: Ինչպես նաեւ ձեռք է պարզում թուրքական կառավարությանը: Կգտնվի՞ որեւէ մեկը`այն բռնելու համար:

- Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք «Vivement dimanche»-ին տված ձեր հայտարարություններով:
— Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, եւ այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին (…): Այս ու՞ր ենք գնում: Եւ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ու՞մ է դա ձեռնտու: Ընդամենը 3 մեծահարուստ ավազակի՞, 3 մաֆիոզի՞: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է եւ անհանգստացնում: Եւ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է (…): Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ հասկանում, ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ու՞ր է մեզ տանում այդ տրամաբանությունը: Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար (…): Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ. մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը 2-րդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…

- Այնուամենայնիվ, դուք ձեզ շատ ակտիվ դրսեւորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջեւ: Դուք խոսեցիք Սենատի առաջ…
— Ի՞նչ օգուտ:

- Դուք մասնակցել եք ցույցերին…
— Ի՞նչ օգուտ:

- Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում..
— Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց: Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը եւ սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:

- Դուք իսկապես կարծում եք, որ առաջ չե՞նք շարժվել:
— Չենք շարժվել եւ չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը: Ուրեմն եկեք պայմանավորվենք եւ որոշենք, թե ինչ պետք է նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն, եւ այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:

- Դրանով դուք աշխարհի՞ն եք դիմում:
— Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդը` որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը:

- Այնուամենայնիվ, դուք հիասթափվա՞ծ չեք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից:
— Դրանք մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրը արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչո՞ւ: Որովհետեւ թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբեւէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք հետ են կանգնում, եւ այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում եւ հետեւաբար ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլեւս հույս մի դրեք… ամենեւին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել: Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից եւ նրանց հակառակը սովորեցնենք:

- Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ:
— Պարզապես խելացի: Գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել: Իմ հերթին ես ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում (…): Գերմանացիները այլեւս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (ֆրանսիացիներս) էլ չենք հիշում Ռուրը: Պետք է խելացի լինել եւ հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ, եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ:

- Բայց դուք չե՞ք կարծում, որ հայկական իշխանությունները քաջատեղյակ են իրավիճակին եւ լավ գիտեն, թե ինչ են անում:
— Ես չգիտեմ: Հաջորդ անգամ կխոսեմ այդ մասին նրանց հետ: Ես չեմ ցանկանում որեւէ քայլ անել առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց կարծում եմ, նրանց համար առաջնայինը սահմանների բացումն է: Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են:

- Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին: Եւ սա դեռ առանց հաշվի առնելու Ղարաբաղյան հարցը: Այս հարցում է՞լ պետք է զիջումների գնալ:
— Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիո՞զ լինել. գնացեք եւ ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին:

- Հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեսանկյունը:
— Ես համաձայնություն եմ ուզում: Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը: Բայց ես թքած ունեմ «ցեղասպանություն» բառի վրա: Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը: Թող ճանաչեն կոտորածը (…) Պետք չէ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել, բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը (…):

- Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում: Այդ կողմից Հայաստանին ավելի՞ շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից: Ի՞նչ եք դուք առաջարկում:
— Դա ընդհանուր փաթեթի մի մասն է: Դա նորմալ է: Ուղղակի պետք է ազնիվ լինել. արդյոք Ղարաբաղը պատկանո՞ւմ էր ադրբեջանցիներին մինչեւ Ստալինի նվիրաբերությունը: Մյուս կողմից. արդյոք Ղարաբաղը Հայաստա՞ն է: Ոչ, դա ինքնավար երկիր է: Ճի՞շտ է, թե՞ ոչ:

- Այսինքն, այստեղ նո՞ւյնպես պետք է նահանջել:
— Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը եւ Հայաստանը: Միգուցե ես ուտոպի՞ստ եմ:

- Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ եք արտահայտում:
— Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ, ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույնն է նաեւ Ֆրանսիայում: Իշխանությունների հետ անիմաստ է խոսել: Ինչպիսին էլ նրանք լինեն: Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ-որ բան կանի մեզ համար: Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարեւոր երկիր է Ֆրանսիայի համար: Հնարավոր չէ անտեսել Թուրքիային (…):

- Դուք գո՞հ եք ձեր համերգային նոր շրջանից:
— Ես շատ գոհ եմ: Ես շատ մարդկանց ցույց տվեցի իրենց տեղը: Նրանք, ովքեր վատ բաներ էին գրում իմ մասին, հիմա դեռ փոքր վերապահումներով են ինձ վերաբերվում, թեեւ գնալով` ավելի քիչ վերապահումով: Միեւնույն է, նրանք ինձ երբեք չեն ների իմ հաջողությունների համար: Կներեն միայն, երբ մահանամ: Բայց ես դեռ չեմ պատրաստվում մահանալ: Լսեք ինձ, Արա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որեւէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները նշում են 3,6 մլն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոնի, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով կամ մյուսն ընդունելով: Եւ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք, ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ:

- Իրականում այն, ինչ դուք ցանկանում եք, հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է:
— Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին` նույնպես: Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք:

- Բայց դուք կարծես «բռնաբարում» եք հայերին: Դուք դա գիտակցու՞մ եք:
— Ես իմ ողջ կյանքի ընթացքում «բռնաբարել» եմ իմ հանդիսատեսին: Ինչո՞ւ պետք է նույն կերպ չվարվեմ իմ հարազատ ժողովրդի հետ: Մի օր իմ քույրն ինձ ասաց. դու կարծում ես, որ որեւէ մի թուրք կարող է քեզ սպանե՞լ: Իսկ ես կարծում եմ, որ հայը նույնպես դա կարող է անել, նույն պատճառներով: Ես ռիսկի եմ դիմում: Դա իմ ոճն է: Եւ եթե սկսում եմ բարձրաձայնել, ուրեմն կբարձրաձայնեմ մինչեւ վերջ: Միգուցե ես սխալվու՞մ եմ: Ուրեմն թող ինձ լուծում առաջարկեն, այլ ոչ թե չգիտեմ թե ինչ: Ոչ մի բողոք, եւ ոչ մի տաբու (…):

- Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին: Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց մասին:
— Ոչ, դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը… Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել «ոչ»: Ավելի լավ կլիներ երեւի, որ ասեին: Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի իմանալ: Ինչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտե՞լ, լավ խմե՞լ, սեփական խանո՞ւթն ունենալ եւ ցեղասպանության մասին խոսե՞լ: Դա՞ է նշանակում լինել հայ: Դա շատ քիչ է:

Զրույցը վարեց Արա Տորանյանը

Թարգմանությունը` Հասմիկ Այվազյանի

Աղբյուր

Комментарии:

Добавить комментарий


Защитный код
Обновить

МЫ в социальных сетях!

Подпишись сейчас!

Подписавшись, вы регулярно будете получать свежие обновления по e-mail